Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Հինգ տարի առաջ, հինգ տարի հետո

Հինգ տարի առաջ, հինգ տարի հետո
11.06.2026 | 21:35

Բավական է հպանցիկ հայացք գցել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ և 2026 թվականի հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններին հաջորդած միջազգային արձագանքներին, որպեսզի ակնհայտ դառնա, թե ինչ «դարակազմիկ ցատկ» է գրանցել ՔՊ-ական իշխանությունը հատկապես արտաքին քաղաքական ոլորտում:

Նախ՝ չոր փաստարկումներ:

2021-ի հունիսի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը առաջիններից մեկը հեռախոսով շնորհավորեց Փաշինյանին՝ ընտրությունների հաջող կազմակերպման և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հունիսի 25-ին պաշտոնական շնորհավորական ուղերձ հղեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նշելով, որ պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի հետ։

Հունիսի 29-ին հրապարակային ուղերձով Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ԱՄՆ-ի նախագահ Բայդենը՝ հաջող ընտրությունների առիթով։

Ուշադրություն դարձրի՞ք հաջորդականությանը՝ Ռուսաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ: Շնորհավորական տեքստերի չորուցամաքությունն էլ ընդգծենք ու գանք մեր օրեր:

Դարձյալ՝ սկսենք փաստարկումներից:

Հունիսի 8-ի վաղ առավոտյան Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնապես շնորհավորել է Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները, սիրելի

Նիկոլ Փաշինյան, օրենսդրական

ընտրություններում այս համոզիչ հաղթանակի առթիվ։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների շահերին ծառայող համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությանը և Հայաստանի ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցումն առաջ մղելու համար»։

Հունիսի 10-ին հրապարակային շնորհավորանքով Փաշինյանի հաղթանակին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփը: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում նրա համոզիչ հաղթանակի առթիվ։ Ես շատ հպարտ էի, որ աջակցել եմ նրա վերընտրությանը և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակների, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասումները»։

Հունիսի 11-ին, առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ, ՀՀ իշխանություններին ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Իր և թուրք ժողովրդի անունից նա սրտանց շնորհավորել է Փաշինյանին և հաջողություն է մաղթել երրորդ անընդմեջ կառավարության ձևավորման գործում, վստահություն հայտնելով, որ նա հաստատակամ կլինի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված տեսլականի նկատմամբ։

Նորից ուշադրություն դարձրեք հաջորդականությանն ու շնորհավորանքների բովանդակային կողմին:

Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Թուրքիա:

Ռուսաստանն առայժմ լուռ է:

Փոխարենը՝ ի՜նչ սիրազեղ է Մակրոնը (երևի սրտիկ էլ է ուղարկել): Հասկանալի է՝ «Եվրոպայի հետ մերձեցումն առաջ մղելու» հույժ կարևոր խնդիր կա։

Բա Թրա՜մփը. հպարտության ի՜նչ ալիքներ են հորդում նրանից: Դա էլ կարելի է հասկանալ. «Թրամփի ուղով» անշեղորեն ընթացող Փաշինյանից «բոլորի ամենահամարձակ սպասումները գերազանցող» խելակորույս ցատկի են սպասում:

Ինչ վերաբերում է Էրդողանի սրտագին արձագանքին, այն առավել քան կանխատեսելի էր: Իսկը կնքահոր հրճվանք՝ հնազանդորեն կառավարելի սանիկի գրանցած արդյունքների նկատմամբ: «Մեծ Թուրանի» տեսլականը մի շոշափելի հանգրվանով էլ է առարկայանում:

Իսկ Ռուսաստանը դեռ սպասում է, չի շտապում վերաբերմունք արտահայտել արևմտա-թուրքական օրակարգով կազմակերպված-անցկացված-հաշվառված ընտրությունների առնչությամբ: Վերջնական արդյունքների ամփոփմանն է սպասում: Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերն էլ են սպասում: Թե ինչ ներխոհանոցային զարգացումներ կլինեն հունիսի 14-ին նախորդող այս մի քանի օրերի ընթացքում, պարզ կլինի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո:

Համարձակվեմ կանխատեսել, որ արտառոց ոչինչ էլ չի լինի: Ռուսաստանն այդքան անհեռատես չէ, որ ուկրաինական չավարտված պատերազմի պայմաններում առճակատման գնա հավաքական Եվրոպայի, ԱՄՆ-ի, առավել ևս, Թուրքիայի հետ: Պուտինը հեռախոսով շնորհավորանքի մի քանի չորուցամաք խոսք կասի Փաշինյանին, չի մոռանա ընտրախախտումների մասին նույնքան ժլատ ձևակերպումներ անել, և վերջ: Ընդդիմությունը կվերցնի մանդատները ու կպատրաստվի հայրենիքի փրկության ծրագիրը օրենսդրորեն առաջ մղելու կառուցողական գործին:

Ամբողջ հինգ տարի կա առջևում:

Կարգին էլ ժամանակ է:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ